Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Կարնո վաճառականության կոտորածը

Կարնո վաճառականության կոտորածը
26.09.2014 | 11:28

1915 յունիս 3-ին ճամբայ հանեցին մեզ Կարինէն Չաթի Նէօլէնկի ճամբով: 11-րդ օրը հասանք Քղիի սանջակի շրջանի Շող գիւղին մօտերը: Մեզ հետ պահպանութեան պատրուակին տակ կընկերակցէին երեսուն ժանտարմներ, ունենալով Նիւսրեթ պէյ անուն հարիւրապետ մը: Կարաւանը կը բաղկանար 25 ընտանիքէ (150 անձերէ), ասոնք Կարնոյ հարուստ և յայտնի ընտանիքներն էին՝ Մազմանեան, Գավաֆեան, Թանթոյեան, Օհանեան, Աղաջանեան, Սէֆէրեան, Տիգրանեան, Ոսկերիչեան, Նալպանտեան, Ալզուկեան, Գորիկեան, Ստեփանեան, Սարաֆեան, Տանիէլեան, Մովսէսեան, Մուշեղեան, Սամուէլեան, (այս երկուքը՝ քղեցի), Գարակիւլեան, Տէր-Մելքիսեդեկեան, Քէօսէեան, Մորեան, Զիրեկեան՝ երեք հարիւրէ աւելի ջորիներու բեռներով, որ բալուցի ջորեպաններ բեռցած էին տնային և վաճառականական ապրանքներ:
Շող գիւղին մօտ երեկոյեան հասանք բլուրի մը վրայ: Այդ օրը արդէն առաւօտուընէ ի վեր քիւրտերը մեզ կը հետապնդէին: Երեկոյեան, երբ վրաններ պատրաստելու էին մեր ջորեպանները և այր մարդիկը, մեզ առաջնորդող հարիւրապետը յայտնեց. «Անապահով կը զգամ հոս, փամփուշտս հատած է, հարկաւոր է մօտիկ գիւղի պէկին օգնութիւնը հայցել»: Կանչեցին գիւղին պէկը (Հիւսնի պէկ), որուն հետ սակարկեցին մեր պաշտպանութիւնը 260 օսմանեան ոսկիով, որը ստանալով՝ յանձն առաւ միայն մէկ գիշեր պաշտպանել մեզ: Ժանտարմներու հսկողութեան թողլով, պէկը մեզ տարաւ իր գիւղը և զետեղեց ախոռի մը մէջ ու դռները գոցեց: Այդ երեկոյին արդէն մեզմէ զատեցին Մուշեղեան (Քղի չանագգեղցի), Յակոբ էֆէնտի Սամուէլեան (Քղի քաղաքէն) և Գէօկիւլեան Նոզարեթ աղա (արաբկիրցի) պատուասիրելու (Մուշեղեանի կինը մինչև այսօր կորսուած է): Առաւոտուն արդէն անոնց երեքին ալ դիակները տեսանք, բայց մինչև այն ատեն մեզի քիւրտ խուժանին սպառնալիքէն զատ ոչինչ չէր պատահած: Ապրանքներս թալնուած էին, մէկ մասը գիւղ բերած էին և մեզի դրամով կը ծախէին:
Օր մը հանգիստէ յետոյ մեզ ճամբայ հանեցին Բալուի ուղղութեամբ: Դեռ ճամբայ չհանած՝ մեզ մօտեցան խուժանավար չէթէպաշիներ Զիա պէկ (Էրզրումի պաշքէօյցի) և Ատիլ պէկ, մեզ յուսադրելու փորձեր ըրին՝ յայտնելով, որ ապահով Խարբերդ պիտի փոխադրէին: Ի միջի այլոց, քիւրտ խուժանին անկարող և անոյժ լինելը պնդեցին, թէ անոնք չեն կրնար քեզի բան մը ընել, քանի մենք քեզ հետ ենք: Մէջ բերումներով յայտնի կըլլար, որ ըսուածները բոլորը խաբէութիւններ էին մեզի համար, անոնք մեզ յայտնեցին նաև, որ քիւրտ և թուրք խուժանին գրգռումին պատճառը կամաւորական շարժումն էր, թէ իրենք լսած են եղեր, որ կամաւորական գործունէութեան վրայ էին և կարշաւէին Տաճկաստան անխնայ կոտորելով ու փշրելով հանդիպող քիւրտին ու տաճիկին:
Այս բոլոր խօսակցութիւնից յետոյ ոյժներնիս պակաս է ըսելով, մեզի յայտնեցին, որ Քղիէն բերելու ենք 50 հատ ուրիշ ժանտարմներ ևս, բացի այդ, անոնց ըսածին համաձայն, մեզ պիտի պաշտպանէին նաև մօտակայ ուրիշ քիւրտ աղաներ: Քղիէն ժանտարմ բերելու տեղ արդէն առաւօտ այդտեղ հասած էին կարգ մը պէկեր, որոնք նոյնպէս մեզ պաշտպանելու մասին խոստումներ ըրին և յայտնեցին, որ վախնալու ոչինչ չունինք:
Դէպի հարաւ-արևմուտք մեզ շրջապատեցին մեզ առաջնորդող հարիւրապետ Նիւսրէթ պէյի սուլելուն վրայ ու սկսան անմիջապէս կոտորել ու մերկացնել թէ՛ դիակները և թէ՛ մեզ՝ կիներս: Այդտեղ սպաննուած են Արտաշէս Գավաճեան («Յառաջ»-ի աշխատակից), Գալուստ Կարապետեան (Կարինի «Յառաջ»-ի աշխատակից), Յովհաննէս, Արմենակ, Տիրան, Ռուբէն Հաննեսեաններ և իրենց երեք փոքրիկները, Մխիթար, Արամ, Մուշեղ և Սաթենիկ Մեսրիկեաններ և երկու փոքրիկներ, Նազմանեան Լևոն, Վահան և քոյրերնին Վարդանուշ, որը տարուած է քիւրտերէն, Գարակիւլեան Յակոբ, կինը՝ Արմիկ և երկու զաւակները՝ Նուարդ և Գրիգորիկ (այս երկուքը՝ կորսուած), Քէօսէեան Երուանդ և զաւակները Արամ ու Տիգրան, Տիգրանեաններ Անդրանիկ, Մարտիրոս և Գառնիկ, ամուսնացած քոյրերնին Աղաւնի Մնացականեան և երկու փոքրիկները, Սէֆէրեան Արշակ, Սարգիս, Գրիգոր, Արսլանեաններ Կարապետ, Լևոն, Սիրական, Տանիէլեան Բագրատ, Թորոս Օհանեան և աղջիկը՝ Մայրանուշ, որը տարուած է չէթէ Զիա պէկի կողմէ, Սիրական Կէօկիւլեան, խարբերդցի Հաճի Պետրոս, Նալպանտեան Յակոբ և զաւակը, Ալզուկեան Յարութիւն և Յակոբ, Տէր-Մելքիսեդեկեան Հաճի Յովհաննէս աղան և որդին՝ Համբարձում և թոռնիկը, Ոսկերիչեան Տիգրան, Երուանդ և Յարութիւն, ասոնց փոքրիկներն ալ, Սարաֆեան Յարութիւն, Ստեփանեան Յարութիւն, Ղոչիկեաններ Գէորգ և Կարապետ, աղա Յակոբ Զիրէկեան և ուրիշ մոռցուած ծեր կիներ ու պզտիկներ:
Ամէն ինչ վերջացած էր, տուած էինք թանկագին զոհեր, և մենք՝ կիներս, ծերեր, երիտասարդներ և փոքրիկներ, մնացած էինք թուրք և քիւրտ բարբարոսներու լուտանքներու և արհամարհանքին ենթակայ: Մեզմէ ոմանց բոլորովին մերկացուցին (Շուշանիկ Արսլանեան, Աննա Եկաւեան, Մաքրուհի Ղոչիկեան, Նազենիկ Տանիէլեան):
Արդէն ոչինչ չէր մնացած, թալլուած և կոտորուած կիներ էինք միայն, երկու տղամարդ հետերնիս ազատուած (Տիգրանեան Վահան և վարդուկցի ծառայ մը՝ Բարսեղ)՝ կիներու հագուստ հագած: Բալուի վրայօք Խարբերդ հասանք և հոն մնացինք՝ հոս-հոն ծածկուելով, մինչև որ մեղմացան խստութիւնները: Մեր մէջէն թուրք եղան ոմանք և ուրիշներ ամուսնացան թուրքերու հետ, որոնց անուններն են Գայեանէ Նալպանտեան և Նազենիկ Զիրէկեան: 15 ամիս Խարբերդ մնալէս յետոյ Տերսիմի վրայով փախստական Երզնկա անցանք և անկէ Կարին, ուր կապրինք այժմ: Տեղահանուածներու մեր կարաւանէն դեռ կը մնայ Խարբերդ մաս մը:
Ատանացի վերապատուելի Գ. Գըրգ Եաշարեանի աղջիկը ըլլալով, ամուսնացած էի Լևոն Մազմանեանի հետ, որոնք ակնցի ըլլալով, երկար տարիներէ ի վեր կապրէին Կարնոյ մէջ, զբաղում ունենալով առևտուրը: Ամուսինս՝ Լևոն, հասարակական գործի ծառայած է զէնքի վաճառումով: Մեր ընտաիքը կը բաղկանար ութ անձերէ, այժմ կը մնանք հինգ հոգի՝ կեսուրս Իսկուհի, տալս Մարիամ և զաւակներս՝ Պերճ և Արսինէ փոքրիկներ և ես: Մազմանեաններէն կորսուած են ամուսինս՝ Լևոն և տագրս Վահան, սպաննուած են մեր աչքին առջև, և տալս Վարդանուշ, որ կորսուած է:


Ադելինա ՄԱԶՄԱՆՅԱՆ,
Կարին քաղաքի բնակչուհի

Դիտվել է՝ 1791

Մեկնաբանություններ